Covid-ը մարդկանց բաժանեց 2 խմբի ՝ մի մասից խլեց, մի մասին տվեց։

Ռուզաննա Գրիգորյան

Բժիշկ

Թոքաբանության ազգային կենտրոն

Գիտե՞ք՝ ինչ դժվար է պատասխաններ գտնելը. մարդ նորից վերապրում է ապրածն ու չապրածը։

Համավարակից առաջ բոլորի ապրած օրերը (դե գոնե արտաքնապես) կարծում եմ պարզ են. սովորական մարդկային, առօրեական, իսկ համաճարակի ընթացքում 180°-ով փոփոխված սցենարով։

Covid-ը մարդկանց բաժանեց 2 խմբի ՝ մի մասից խլեց, մի մասին տվեց։
Ես ու իմ նմանները հավասարաչափ բաժանվեցինք 2 խմբի միջև էլ. օրվա, շաբաթվա, ամսվա մեծ մասն անցկացնում էիր հիվանդանոցում։ Չկար աշխատանքային ու ոչ աշխատանքային, ճաշելու, քնելու, սիրածդ նախասիրություններով զբաղվելու, կարդալու, քայլելու ֆիքսված ժամեր։

Համավարակի ընթացքում 1 օրում ապրում էիր 1 շաբաթվա տեղեկատվական, հուզական, զգացմունքային ու աշխատանքային կյանք։ Չէիր հասցնում համազգեստդ հանել, երբ նորից այն պիտի հայտնվեր ընդարմացած մարմնիդ վրա։ Մարդիկ կային, որ կարծես համազգեստն իրենց մաշկն էր (երևակայելն ու գլխի ընկնելը թողնում եմ ձեզ)։

Կարոտում էինք հին օրերը, բայց չէինք տրտնջում։ Մտքներովս անգամ չի անցել այլ ժամանակների մասին երազելը։ Սիրով աշխատելն ու համախմբված լինելն էլ էր 24-ժամյա ազդեցությամբ։

Սերը Covid-ի օրերին…

Գիտե՞ք` քանի-քանի սիրուն ընտանիքներ ու զույգեր կազմվեցին «վիրուսոտ» օրերին, ինչ նախանձելի ընկերություններ ծնվեցին։ Ոնց էին իրար օգնում, աջակցում, կարեկցում, իրարով ապրում։ Covid-ը անձնական ոչ մի բանի վրա վատ չազդեց։ Ու թող ոչ ոք չասի թե միայն կորցրել է, որովհետև ամեն կորստի տակ մի գտած երևույթ կա։ Անգամ իմ պարագայում, իմ անձնական տարածքի համար ես շահել ու գտել եմ։
Դա էլ հաջորդիվ…

Covid-ը ձեռնոց նետեց

Ետքայլի իրավունք, անգամ համարձակություն չկար։ Ինձ համար ամենադժվարն ամբողջ օրը պատերի մեջ ապրելն էր։ Օդ չկար շնչելու, տեղ չկար քայլելու, բարձունք չկար հաղթահարելու։ Բայց ես ելքը գտել էի՝ կամ կտուրներին էի, կամ բոլոր լուսաբացներին պատշգամբներին նստած, կամ կեսգիշերին Երևանի դատարկ փողոցներում թափառում էի։

Սիրեք ձեր ազատությունը։ Ոչ մի պատերազմ թող չսպանի այն, ինչը ձեզ ապրեցնում է։

Covid-ը որպես համալսարան

Դասախոսները շատ չէին, բայց գրագետ էին։ Ինչ սովորել եմ, կմնա ինձ հետ։
Միայն մեկ բան կփոխեի. բոլոր այն հիվանդները, ովքեր լավացած տուն են գնացել ու ցանկություն են հայտնել կապը պահպանել բժշկի հետ չեմ պահել։ Ես ձեզ չեմ մոռացել։

Covid դիպլոմ

Երբեք չեմ փոշմանի ընտրությանս համար։ Ես ձեռք բերեցի մշակույթ, ժամանակ, սեր, արվեստ, ընկերներ, մարդկանց, գնահատված լինելու արժեհամակարգ, չավարտված կյանքեր և, ամենակարևորը, ես մնացի մարդկանց հիշողություններում։

Մի բան պատմե՞մ։

Տիգրանի վիճակը ծանր էր. թոքերի երկկողմանի տոտալ ախտահարում, թթվածնակախյալ վիճակ, իսկ կինը նոր էր մահացել մեկ այլ հիվանդանոցում, որի մասին նա չգիտեր որդու՝ Գրիշայի խնդրանքով (հիշեք նրան)։ Բոլորս ջանասիրաբար հոգ էինք տանում, որ Տիգրանը չիմանա դրա մասին։ Երկար ժամանակ տևեց մինչև վիճակը կարգավորվեց։ Հոգեբան կանչեցինք, լուրը հայտնեց։ Ծանր էր։ Լարված էինք` վախենում էինք, որ վիճակը կվատանա։ Դուրս գրվեց։ Աչքերը թաց էին։ Գրկեց, գնաց։ Պատերազմ էր, իսկ հետո՝ Ամանոր։ Նամակ եկավ հեռախոսիս։ Տիգրանն էր, որդու ՝ Գրիշայի անունից նամակ էր գրել.
-Հարգելի բժշկուհի, ի սրտե շնորհավորում եմ Ձեր Նոր Տարին։ Աստծո օրհնությունն անսահման։
Զոհված ազատամարտիկ Գրիշա Տիգրանի, քաղաք Ջերմուկ։

Պատերազմ է։