Համավարակ՝ պատերազմի և անձնական կորուստների հետ համատեղ

Արշակ Ղազարյան
Վարակաբան
Հայաստանի ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն

 

Ակնհայտ է, որ ցանկացած վարակաբան գիտակցում է, որ երբևէ ստիպված է լինելու աշխատել ծայրահեղ իրավիճակում և լինել համավարակի առաջնագծում: Ես և իմ գործընկերները մտաբերում ենք շատ դժվար ժամանակներ․ այդ թվում՝ գրիպի H1N1 շտամի դեմ պայքարը։ Այնուամենայնիվ, պարզ դարձավ, որ ՔՈՎԻԴ-19 համավարակը աննախադեպ մարտահրավեր էր: Ծանր հիվանդների թիվը մի պահ գնալով ավելանում էր։ Ո՛չ մարդկային ռեսուրսները, ո՛չ ենթակառուցվածքները բավարար չէին: Մենք՝ բժիշկներս, ստիպված էինք կրել հատուկ գեներատորներ՝ ծայրահետ վիճակում գտնվող հիվանդներին թթվածին մատակարարելու համար։
Համավարակի առաջին ալիքի ժամանակ, երբ հիվանդների թիվն ավելացել էր, թիմում ունեինք Քովիդ-19-ի բազմաթիվ դեպքեր, բուժաշխատողների թիվը չէր բավարարում։ Մենք՝ մնացած անձնակազմով, ստիպված էինք աշխատել 24/7 ծանրաբեռնվածությամբ։
Մեր ընտանիքի անդամներին չվտանգելու համար գիշերում էինք բուժաշխատողների համար նախատեսված հատուկ հյուրանոցներում։ 3 ամիս ընտանիքիս անդամներին չէի տեսել՝ ոչ երեխաներիս, ոչ կնոջս, ոչ էլ ծնողներիս… Նրանք մաքուր հագուստը թողում էին հյուրանոցի ընդունարանում, իսկ օգտագործվածը՝ տանում տուն լվանալու։ Սակայն շուտով ես նույնպես վարակվեցի ՔՈՎԻԴ-19-ով։ Բարեբախտաբար, հիվանդությունը ծանր ընթացք չստացավ (հատուկ շնորհակալություն իմ բժշկին՝ Նառա Ստեփանովային): Հենց այդ ընթացքում ես բաց թողեցի հորս լուրջ ախտորոշումը` թոքերի քաղցկեղը․  արդեն ուշ էր․․,․ և ցավոք  մենք չկարողացանք փրկել հորս կյանքը: Այսպիսով, ես կորցրեցի հայրիկիս, որն ինձ համար ուժեղ հոգեբանական հարված էր՝ թե՛ որպես բժիշկ, թ՛ե որպես նրա որդի: Ես հազիվ կարողացա տանել այդ ցավը։ Չնայած դրան՝ իմ մասնագիտությունն ու աշխատանքն ինձ նորից վերադարձրեցին ակտիվ կյանք։

Համաճարակի երկրորդ՝ հսկայական ալիքը, համընկավ երկրում շարունակվող պատերազմի հետ։ Այդ ժամանակ ունեինք ռազմաճակատ մեկնած բազմաթիվ վարակված  զինվորներ ու կամավորներ։ Հիշում եմ՝ հիվանդների հոսքը այլևս չէր դադարում։ Նրանց մեջ կար մի շատ երիտասարդ տղա, ով 30 օր անդադար կռվել էր առաջնագծում։ Հենց այդ ժամանակ էլ նա վարակվել էր։ Նա մեր հիվանդանոց էր ընդունվել թոքերի 72 % ախտահարմամբ։ Հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր էր, նա շատ էր տանջվում, հազիվ էր շնչում: Մեր ամբողջ թիմը կենտրոնացած էր նրան փրկելու վրա, սակայն դեռ երկար ժամանակ դրական տեղաշարժ չկար։ Ողջ մնալու հույս գրեթե չկար, երբ վարակը վերջապես սկսեց  նահանջել։ Տղան բարեբախտաբար ողջ մնաց։