Էմմա Սարգսյան
Հոգեբան
Հայկական Կարմիր խաչի ընկերություն
Համավարակի ժամանակ մարդիկ սկսեցին վերանայել իրենց կյանքի առաջնահերթությունները: Նրանք սկսեցին մտածել, թե ինչն է կարևոր իրենց երջանկության և բարեկեցության համար: Համավարակի ժամանակ ամենակարևորը այն էր, որ մարդիկ սկսեցին հոգ տանել միմյանց մասին։
Հայկական Կարմիր խաչի ընկերությունում աշխատում եմ ավելի քան 3 տարի։ Մինչ համավարակը հիմնականում աշխատում էի տուբերկուլյոզով հիվանդների հետ, ինչը հեշտ չէ։ Այնուամենայնիվ, Քովիդ-19 համավարակի մարտահրավերները միանշանակ այլ էին։
Համավարակի առաջին իսկ օրերից մեր կազմակերպության թեժ գիծը դարձել էր միանգամայն տեղին և կարևոր։ Մենք՝ հոգեբաններս, անընդմեջ զանգեր էինք ստանում և հեռավար հոգեբանական առաջին օգնություն ցուցաբերում։
Շատ դեպքերում մարդիկ զանգում էին խուճապահար, երբ ընտանիքի անդամի մոտ ախտորոշվում էր Քովիդ․ նրանք չգիտեին՝ ինչպես վարվել, անվտանգության ինչ միջոցների դիմել, ինչպես օգնել սիրելիին և պաշտպանել սեփական անձը համավարակի սպառնալիքից։
Քովիդ-19 համավարակը մեծ սթրես էր բոլորիս համար, բայց և այնպես՝ օգտակար դաս․ մարդիկ սկսեցին վերանայել իրենց կյանքի առաջնահերթությունները, նրանք սկսեցին մտածել, թե ինչն է առավել կարևոր իրենց երջանկության և բարեկեցության համար։ Եվ որ ամենակարևորն է՝ համավարակի ժամանակ մարդիկ սկսեցին հոգ տանել միմյանց մասին։ Նրանք հասկացան, որ առողջությունը արժեքավոր ռեսուրս է, որի մասին պետք է մշտապես հոգ տանել: