Նունե Ազիզյան
Ուռուցքաբանության ազգային կենտրոն
Թոքաբան, ֆթիզիատր
Ես, որպես բժիշկ, աշխատում եմ 2016 թ-ից։ Իմ մասնագիտությունը, իմ ամենօրյա աշխատանքն է օգնել մարդկանց ապաքինվելու և փրկելու նրանց կյանքը, որը ինձ համար մեծագույն պատիվ է։ Հայաստանում Քովիդ-19-ի առաջին դեպքերը գրանցվել են փետրվար ամսին։ Այդ ժամանակից ի վեր մենք՝ բժիշկներս, ծանր աշխատանք ունեինք անելու։ Հիշում եմ՝ գրեթե մայիսի վերջն էր, երբ մեքենա էի վարում, նկատեցի, որ ծառերը կանաչել են, թփերը՝ ծաղկել։ Գարունը եկել էր, բնությունը՝ վերածնվել, և ես չէի էլ նկատել․ կարծես այդ ամենն առանց ինձ էր եղել։
Հիշում եմ՝ համաճարակի առաջին պիկին, երբ ես և իմ գործընկերները օր ու գիշեր պայքարում էինք բոլորովին անհայտ վիրուսի դեմ, երբ չգիտեինք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, իմ գործընկերներից մեկն ասաց ինձ, որ սիրում է ֆանտաստիկ ժանրի ֆիլմեր և նախկինում դիտել էր մի շարք ֆիլմեր, որտեղ աշխարհը բախվել էր անհայտ համավարակի: «Հիշում եմ՝ որքան հետաքրքրված էի այս տիպի ֆիլմեր դիտելով, բայց երբեք չէի կարող պատկերացնել, որ ես կդառնամ նմանատիպ իրողության հերոսը»,- ասաց նա։ Բայց սա ֆիլմ չէր,այլ՝ դաժան իրականություն, որտեղ մենք բոլորս պետք է ապրեինք:
Ընդհանրապես, երբ առչվում ես նոր տեսակի հիվանդության հետ, որպես բժիշկ, կարծես վախենում ես՝ սխալվել։ Բայց պատասխանատվության զգացումը ստիպում է անընդհատ հետևել առաջարկություններին և ուղեցույցներին, հետ չմնալ այս ուղղությամբ զարգացումներից, վերահսկել զգացմունքներդ և հանգիստ վերաբերվել իրավիճակին: Այդ իրավիճակում․ կարևոր է բժշկական անձնակազմի և հիվանդի միջև շփումը։ Մենք պետք է անընդհատ հոգ տանենք հիվանդի մասին, խրախուսենք և ուժ տանք՝ շարունակելու կյանքի պայքարը: