Համաճարակն էլ ավելի ուժեղացրեց մեր կապը․․․

Նորա Սարիբեկյան
Բժիշկ
Թոքաբանության ազգային կենտրոն

 

2020 թ-ի ապրիլին ինձ ուղղորդեցին Քովիդ-19-ի կենտրոն։ Ամենադժվարը, որը հիշում եմ, ընտանիքի անդամներից հեռու լինելը հաղթահարելն էր։ Մենք՝ բուժանձնակազմի անդամներով, հարկադրված մեկուսացել էինք մեր ընտանիքներից՝ ապահովելու նրանց անվտանգությունը։
Անհայտ վիրուսի հանդեպ վախը նույնպես ճնշող էր․ ոչ ոք չգիտեր՝  ինչ էր մեզ  սպասվում:
Այս ամենն ուղեկցվում էր տեխնիկական դժվարություններով. մարդկային ռեսուրսների պակաս, սահմանափակ թվով անվտանգության սարքավորումներ, տեղեկատվության անդադար փոփոխություն և այլն:
Բայց ես հասկացել էի, որ այս աղետալի իրավիճակում ինչ-որ դրական բան էր պետք  փնտրել։ Ինձ համար մեծ բացահայտում էր մեր անձնակազմի ուժեղ թիմային ոգին․ մենք՝ բոլորս, հավասարապես կիսում էինք աշխատանքը, ոչ ոք ծայրահեղ պահին չէր հանձնվում։ Ես նորովի էի սկսել ճանաչել իմ թիմակիցներից շատերին։ Մինչև իսկ ձեռք բերեցի շատ սրտացավ ընկերներ:
Դեռ ավելին, ընտանիքիս անդամները, հեռավորության վրա գտնվելով, ավելի էին մտերմացել։ Մեր միջև կապն ամրապնդվել էր,  և ավելի էինք կապվել միմյանց հետ, քան երբևէ: