Անսպասելի մարտահրավեր, որն ամբողջությամբ փոխեց մեր կյանքը․․․

Վարսեն Ներսիսյան
Վարակաբան
Ընդհանուր բժիշկ

 

Իրականում, շատ զգացմունքային պահեր ենք ունեցել հատկապես համավարակի առաջին փուլում, որոնց նույնիսկ չեմ կարող թվարկել․․․ Այս պատմություններից յուրաքանչյուրը մեծ ազդեցություն է թողել  իմ վրա, և դրանք ընդմիշտ կմնան իմ հիշողության մեջ:Թեև այս դեպքերից մեկն ինձ համար անձնական էր և դժվար հաղթահարելի։ Իմ մտերիմ ընկերուհուն՝ 35-ամյա կնոջը,  հիվանդանոց էին բերել ծայրահեղ ծանր վիճակում։ Նա ուներ 80% թոքերի ախտատահարում և թթվածնի անհապաղ կարիք, բայց հիվանդանոցում ազատ սենյակ չունեինք։ Երբեք չեմ մոռանա այդ հուսահատ պահը, երբ ուղղակի չգիտեի ինչ անել։
Վերջապես մեզ մի կերպ հաջողվեց ազատ տեղ գտնել նրա համար։ Մեր առողջապահական թիմի՝ բժիշկների, օգնականների, բուժքույրերի և հոգեբանների քրտնաջան աշխատանքի և նվիրվածության շնորհիվ,  նա ողջ մնաց:
Հիվանդների ընտանիքի անդամների հետ շփումը նույնպես շատ ծանր էր ինձ համար։ Նրանք անընդհատ հստակ պատասխաններ, երաշխիքներ էին պահանջում իրենց սիրելի մարդկանց կյանքի վերաբերյալ։ Մենք շատ բան չգիտեինք այդ անհայտ վիրուսի մասին  և այդպիսով, երբեք չէինք կարող ասել՝ ինչպես կզարգանար վարակը հետագա օրերին․ արդյոք կվատթարանար, թե կնահանջեր: Այս անորոշությունը հիվանդների հարազատների մոտ դյուրագրգիր և ագրեսիվ վիճակ էր առաջացնում։ Նրանց շոկային վիճակը մեզ համար միանգամայն ընկալելի էր։ Բայց քանի որ մենք պետք է աշխատեինք մշտական սթրեսային պայմաններում, այդ ամենը չափազանց ծանր էր տանել:
Մյուս կողմից՝ հետևել մահացու հիվանդներին, որոնց մենք ի զօրու չէինք օգնել, իսկապես դժվար էր։ Մենք տեսնում էինք, որ այևս ոչինչ իմաստ չուներ, մինչև իսկ փորձելը․ մեզ համար շատ դժվար էր հաղթահարել սթրեսը և շարունակել աշխատել սովորական առօրյայով։

Հոգեբանների աջակցությունը մեզ կարծես սփոփանքն էր նման պահերին։ Նրանց հետ անգամ կարճ զրույցը, ջերմ գրկախառնությունը  շատ բան էր տալիս։