Սա իսկապես մեծ սթրես էր հաղթահարելու համար ․․․

Նաիրա Ստեփանյան

Բժիշկ/վարակաբան

 

Համավարակի հատկապես առաջին ալիքի ժամանակ մենք ունեցանք բազմաթիվ կորուստներ։ Չէին դադարում հիվանդների ընտանիքի անդամների զանգերը։ Այդ ամենն այնքան դժվար էր, որ մի օր՝ էմոցիոնալ  նոպայի մեջ,  կոտրեցի բջջային հեռախոսս․ պարզապես այլևս  չէի կարողանում զանգեր ընդունել։

Փետրվար ամսին ունեինք Քովիդ-19-ի առաջին դեպքը, վարակը թափանցել էր Հայաստան՝ Իրանից։ Այն ժամանակ մենք ակտիվորեն աշխատում էինք ինչպես Քովիդ-19-ով վարակված հիվանդների բուժման, այնպես էլ Հայաստանում վարակի տարածման կանխարգելման ուղղությամբ։ Մենք արդեն գիտեինք, թե որքան վտանգավոր էր վիրուսը, բայց իրականում դեռ պատրաստ չէինք համավարակի մարտահրավերներին։

Հիշում եմ այդ ​​օրը, երբ հանդիպեցի Իրանից Հայաստան եկած առաջին հիվանդին։ Ես դժվարությամբ կարողացա այդ գիշերը անցկացնել տանը՝ ընտանիքիս անդամների հետ՝ մեկ հարկի տակ։ Ես գիտակցում էի, թե որքան վտանգավոր կարող էր լինել  նրանց համար։ 7-ամյա աղջիկս փակվել էր իր սենյակում և խուսափում էր հետս շփվելուց։ Այդ օրվանից հետո ամեն ինչ փոխվել էր։ Ես այլևս չէի կարող ժամանակ անցկացնել իմ ամենամոտ ու ամենասիրելի մարդկանց հետ, ինչպես նախկինում։

Մենք բոլորս ներգրավվել էինք անհայտ վիրուսի դեմ պայքարի գործընթացում,  աշխատում էինք 24/7 ծանրաբեռնվածությամբ։ Մեզ շատ օգնում էր մեր ֆրանսիացի և բրիտանացի գործընկերների փորձը, չինացի բժիշկներից էլ էինք  առաջարկություններ ստանում։

Հիշում եմ այն ​​պահը, երբ մեր հիվանդանոցում հիվանդներին ընդունելու տեղ այլևս չունեինք։ Հոգեբանորեն շատ դժվար էր, երբ ընդունարանում մեզ սպասում էր ծանր վիճակում գտնվող 30 հիվանդ, որոնց  ընդունելու և բուժելու  տեղ ու ռեսուրս այլևս չունեինք։

Քիչ սթրեսային չէր ընտանիքիս անդամներից հեռու գտնվելը։ Ես իրականում պետք է աշխատեի 24/7 ծանրաբեռնվածությամբ: Երբ ազատ ժամանակ էի գտնում, գնում էի քնելու հյուրանոցում, ոչ տանը։ Ես չէի կարողանում հեռախոսով կամ առցանց կապ հաստատել իմ երեխաների հետ, քանի որ կարծում էի՝ ավելի սթրեսային կլիներ մեզ համար: Ինչպես ինձ ավելի ուշ հաղորդեց ամուսինս, փոքրիկ դուստրս նրան հանգստացնում էր՝ ասելով որ մայրիկը կվերադառնա ամռանը՝ հենց որ Քովիդ-19-ը ավարտվի․․

Մայիս ամսին  աղջկաս ծննդյան օրն էր, բայց ես չէի կարող նրա հետ լինել և այդ օրը  նրա հետ նշել: Հիվանդանոցի  գործընկերներս որոշել էին աջակցել ինձ՝ անակնկալ կերպով կազմակերպելով աղջկաս ծննդյան տարեդարձը․ մենք շտապօգնության մեքենայով գնացինք մեր տուն և փողոցից շնորհավորեցինք աղջկաս՝ երգելով  տարեդարձի երգը։ Աղջիկս դուրս եկավ պատշգամբ, բայց ոչ մի էմոցիա ցույց չտվեց․ երևի այն պատճառով, որ չէր կարող իջնել և գրկել ինձ:

Այդ գիշեր ինձ մոտ բարձր ջերմություն նկատվեց։ Բոլորը կարծում էին, որ ես վարակվել էի, սակայն պարզվեց, որ ջերմությունը ծանր սթրեսից էր, ոչ թե՝ վիրուսից։

Հիշում եմ՝ համավարակի թեժ ժամանակահատվածում, ես և իմ գործընկերներն ընդհանրապես դադարել էինք սնվել, պարզապես ախորժակ չունեինք․ ուղղակի սուրճ էինք խմում ու հասցնում լուրջ դեպքեր  քննարկել։

Հատկապես համավարակի առաջին ալիքի ժամանակ մենք ունեցել ենք բազմաթիվ կորուստներ։ Չէին դադարում հիվանդների ընտանիքի անդամների  զանգերը։ Այդ ամենն այնքան դժվար էր, որ մի օր էմոցիոնալ նոպայի մեջ, կոտրեցի բջջային հեռախոսս, պարզապես այլևս չէի կարողանում  զանգեր ընդունել:

Սա իսկապես մեծ սթրես էր հաղթահարելու համար…